Թուրքիան ցանկանում է ազատվել Սիրիայի հյուսիսում բնակվող հայերից: Լրագրողներին այսօր` հոկտեմբերի 23-ին, նման տեսակետ է հայտնել Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուսի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա` նման քաղաքականությունը թեեւ երկրորդական, բայց, այնուամենայնիվ, Անկարայի օրակարգի կարեւոր կետ է:

«Հայկական սփյուռքի այդ գաղթօջախի վերացումը, մասնավորապես, Հալեպի համայնքի, միշտ էլ Թուրքիայի նպատակներից է եղել: Այդ նպատակները կրկնում են ապստամբների հնչեցրած արտահայտությունները, որոնցում արդեն 1-2 անգամ հակահայկական տամադրություններ են նկատվել», - նշել է Սաֆրաստյանը: Այս տեսակետից, հավելել է նա, չի կարելի բացառել Հալեպի հայերին սպառնացող պոտենցիալ վտանգը, եթե թուրքական զորքերը հատեն սիրիական սահմանը` հաշվի առնելով, որ քաղաքը դրանից ընդամենը 50-60 կմ է հեռու:

«Նման հայտարարությունները կարող են նաեւ վախեցնող բնույթի լինել, որպեսզի հայերը լքեն տարածաշրջանը: Դա մեզ համար մեծ կորուստ կլինի, քանի որ Հալեպի համայնքը ավանդաբար մեր սփյուռքի ամենապահպանողական-ազգային գաղթօջախն է», – ասել է Սաֆրաստյանը: Այս կապակցությամբ, մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հեռախոսազրույցի մասին հրապարակումները` ըստ որոնց Պուտինը կտրականապես զգուշացրել է չհատել սահմանը, Սաֆրաստյանը նկատել է, որ երկու երկրների հարաբերություններում նոր հարցեր են ի հայտ եկել` նկատի ունենալով Մոսկվա-Դամասկոս ինքնաթիռի հարկադիր վայրէջքը, նաեւ` Ռուսաստանի նախագահի Անկարա այցի չկայանալը: