Վրաստանում Թբիլիսիի Պատժամիջոցների կիրառման դեպարտամենտի նախկին շենք են ներխուժել  մոտ 100 փախստականներ: Նրանք փախստականների գործերով նախարարից պահանջում են բավարարել փախստականներին  բնակելի տարածքներ հատկացնելու պահանջները:

Փախստականները հայտնում են, որ նրանք կմնան այս շինությունում այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը  նրանց բնակվելու այլընտրանքային տարածք  չառաջարկի: Նրանց խոսքով, նրանք բազմիցս դիմել են  նախարարությանը, սակայն ապարդյուն, հաղորդում է  «Գրուզիա օնլայնը»:  Այն մասին, թե արդյոք շինությունը դատարկ է, թե այնտեղ կա որեւէ վարչություն, չի հաղոդվում:

Ինչպես նշում է գործակալությունը, փախստականները հույս ունեն, որ նրանց վրա գոնե հիմա ուշադրություն կդարձնեն:

Վերջին շաբաթվա ընթացքում եղել են արդեն մի քանի հայտարարություն այն մասին, որ իրենց տներից զրկված փախստականները տարբեր շինություններ են գրավում:

Հոկտեմբերի սկզբին նրանք Թբիլիսիում գրավել են բազմաբնակարան շենքեր, իսկ ավելի ուշ` նախկին արդյունաբերական տեխնիկումի դատարկ շենքը: Վրաստանում, պաշտոնական տվյալներով, բնակվում է  Աբխազիայի եւ Հարավային Օսիայի 260 հազար փախստականներ:

Հիշեցնենք, որ նոր կառավարության կազմը այժմ գտնվում է խորհրդարանի քննության ներքո, որի հաստատումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին: Վրաստանի նոր կառավարությունը  ձեւավորվել է  հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ի հաղթանակից հետո: