Սիրիացի ապստամբների միջեւ հակասություններն աճում են: Լրագրողներին այսօր` հոկտեմբերի 23-ին, նման տեսակետ է հայտնել Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուսի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը:
Իսլամական ընդդիմության խմբավորումներից մեկում սուննիներ են, որոնց աջակցում է Քաթարը: Մյուսում ջիհադիստներն են` ի դեմս արմատական վահաբիթների եւ սալաֆիթների, որոնց աջակցում է Սաուդյան Արաբիան եւ որոնց սուննիներն օտար են համարում:
«Նրանց տարաձայնությունները գնալով ավելի ակնհայտ են դառնում», –հավելել է մասնագետը: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, նախկինի պես այն նախընտրում է անմիջականորեն չմասնակցել հակամարտությանը. «Իսկ արմատական զինված խմբավորումներ պատրաստելը կարող է շրջել նրա դեմ, ինչպես ժամանակին եղավ «Ալ Կաիդայի» պարագայում», – կարծում է փորձագետը:
Տարածաշրջանում հակամարտությունների արդյունքում անշեղորեն կրճատվում է մերձարեւելյան քրիստոնեական համայնքների թվաքանակը, այդ թվում` քրիստոնյա արաբների: Արեւմտյան առաջնորդներն արդեն արտահայտվել են այս առթիվ: Մասնավորապես, դեռ Ֆրանսիայի նախագահ եղած ժամանակ Սարկոզին հայտարարում էր Եգիպտոսում քրիստոնյա ղպտիների ցեղասպանության անթույլատրելիությունը:
«Մերձավոր Արեւելքը` քրիստոնեության օրորոցը, փոխում է կերպարը` դառնալով մահմեդական», –ամփոփել է Սաֆրաստյանը:





























