ԵԽԽՎ նախագահի արձագանքը իմ առաջարկին բավականին դրական է եւ մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբեր «ԵՄ-ի տարածքում դատապարտված անձանց արտահանձնման մասին» Կոնվենցիայում փոփոխությունների կհանգեցնի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության  քարտուղար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Կարծում եմ, որ շուտով կոնվենցիայում  կարեւոր փոփոխություններ կարվեն, որոնք ԵՄ-ի երկրներին թույլ չեն տա նման քայլեր ձեռնարկել` իրենց տնտեսական շահերից ելնելով», - նշել է Զոհրաբյանը:

ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինիոնի պատասխանում նշվում է. «Ինչպես գիտեք, ես խիստ դատապարտել եմ Սաֆարովի արտահանձնումը եւ համաձայն եմ, որ այդ քայլը լուրջ մարտահրավեր է  մեր կազմակերպության արժեքներին եւ չափանիշներին: Ինչպես եւ նախատեսված էր, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում մենք  անդրադարձանք այդ հարցին, եւ արդեն հոկտեմբերի 5-ին ԵԽԽՎ բյուրոն որոշում ընդունեց հրահանգել, որ Մարդու իրավունքների եւ իրավաբանական հարցերով հանձնաժողովը զեկույց պատրաստի  «ԵՄ-ի տարածքում դատապարտված անձանց արտահանձնման մասին», որպեսզի կանխվեն  տվյալ կոնվենցիայի խախտման փորձերը:  Ես վստահ եմ, որ Հանձնաժողովի զեկույցը հնարավորություն կընձեռի  ապագայում խուսափել նման երեւույթներից»:

Նշենք, որ մինչեւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը Զոհրաբյանը նամակ էր ուղարկել ԵԽԽՎ ղեկավարին` «ԵՄ-ի տարածքում դատապարտված անձանց արտահանձնման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով, Ռամիլ Սաֆարովի պատմության կրկնությունը բացառելու համար: