Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում տեղի է ունեցել ուկրաինացի գիտնական, փիլիսոփա եւ հայագետ Իրինա Գայուկի «Ուկրաինայում հայկական մշակույթի պատկերազարդ հանրագիտարանը» գրքի շնորհանդեսը: Հեղինակն անձամբ է կազմել հանրագիտարանը, որի վրա աշխատել է 6 տարի:

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ հանրագիտարանը պատմում է Ուկրաինայի տարբեր շրջաններում հայերի կյանքի մասին, նկարագրում Ուկրաինայում հայկական մշակույթի զարգացման պատմությունը եւ հայերի գործունեության հիմնական ոլորտները՝ առեւտուր, դիվանագիտություն, ոսկերչություն, գորգագործություն, ասեղնագործություն, մետաքսագործություն, հայ-ուկրաինական թատերական եւ գրականագիտական կապեր:

«Գիտեք, ինչ-որ պահի ես վախեցա, որովհետեւ անհրաժեշտ էր հսկայական քանակի տեղեկատվություն մշակել, պետք էր այցելել Ուկրաինայի բոլոր թանգարաններով, գտնել էքսպոնատներ»,-ասել է Գայուկը:

Հանրագիտարանն արդեն թարգմանվել է անգլերեն ու ռուսերեն, իսկ օրիգինալը ուկրաիներեն է: Իրինա Գայուկը նշել է, որ Հայաստանից դուրս ստեղծված հայկական մշակույթը քիչ է հետազոտված եւ հսկայական հետաքրքրություն է ներկայացնում հայագետների համար: