Ռուսաստանի ընդդիմության համակարգող խորհրդի ընտրությունների արդյունքներով, համաքաղաքացիական ցուցակով առավելագույն ձայներ ստացել է «ՌոսՊիլ» հակակոռուպցիոն հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին: Նա ստացել է 43 հազար ձայն, երկրորդ տեղում գրող Դմիտրի Բիկովն է՝ 38,5 հազար ձայնով, այնուհետեւ գալիս են Գարի Կասպարովը (33 հազար ձայն), Քսենյա Սոբչակը (32,5 հազար ձայն), Իլյա Յաշինը (32,4 հազար ձայն):
«Ձախ ճակատի» առաջնորդ Սերգեյ Ուդալցովը զբաղեցրել է 20-րդ տեղը՝ ստանալով 21 հազար ձայն: Բորիս Նեմցովը Համակարգող խորհրդում 16-րդն է 24 հազար ձայնով, իսկ Օլեգ Շեյնը՝ 29-րդն է՝ 15 հազար ձայնով: Բոլորին դեմ է քվեարկել 159 մարդ:
Ընդդիմության համակարգող խորհրդում 5-ական թեկնածուներ են ընտրվել նաեւ ձախերի, ազատականների եւ ազգայնականների ընտրացուցակներով: Ձախերի առաջնորդ է դարձել Ալեքսեյ Գասկարովը, ազատականների առաջնորդը Սերգեյ Դավիդիսն է, իսկ ազգայնականների առաջնորդը՝ Դանիիլ Կոնստանտինովը:
Ընդհանուր առմամբ Համակարգող խորհրդի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 170 հազար մարդ, որոնցից 97 հազարին թույլ է տրվել քվեարկել: Համակարգող խորհրդի թեկնածուների օգտին քվեարկել են 81 հազար ռուսաստանցիներ:
Նշենք, որ Ռուսաստանի ընդդիմության 45-հոգանոց Համակարգող խորհուրդն ընտրվում է մեկ տարով, որի անդամներն ընտրվում են 4 ցուցակներով: Նրանցից 30-ն ընտրվում են համաքաղաքացիական ցուցակով, որով կարող էին առաջադրվել բոլոր ցանկացողները, 5-ական թեկնածուներ ընտրվում են ձախերի, ազատականների ու ազգայնական քաղաքական ուժերի ներկայացրած ցուցակներով:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Համակարգող խորհրդի ընտրություններից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահի աշխատակազմը չի հետեւել այդ ընդդիմության Համակարգող խորհրդի ընտրություններին: Նրա խոսքով, ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 22-ին, Կրեմլում զբաղված են եղել Ուկրաինայի նախագահի այցով:




























