Հայաստանի 470 հազ. վարձու աշխատողների մոտ 10%-ը ամսական 30-40 հազ. դրամ աշխատավարձ է ստանում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային Ժողովում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ներկայացնելով նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին օրինագիծը: Ըստ Վ. Գաբրիելյանի՝ նվազագույն աշխատավարձ կամ դրան շատ մոտ գումար պետական սեկտորում ստանում են գրադարանավարուհիները, հավաքարարները, իսկ մասնավոր սեկտորում այդպիսիք ավելի շատ են:
Վ. Գաբրիելյանը նշեց, որ 35 հազ. դրամ աշխատավարձը աշխատողը պետք է մաքուր ստանա, այսինքն՝ գործատուն պետք է պլանավորի նվազագույնը 46 հազար 296 դրամ: Ըստ Վ. Գաբրիելյանի՝ նվազագույն աշխատավարձը 2.5 հազ. դրամով ավելացնելու դեպքում գործատուի ծախսն ավելանում է 5 հազ. դրամով:
Նշենք, որ ՀՀ կառավարությունն առաջարկում է ամսական նվազագույն աշխատավարձը 32.5 հազ. դրամի փոխարեն 2013 թ. հունվարի 1-ից սահմանել 35 հազ. դրամ:





























