Ադրբեջանի ԱԳՆ-ն դեռեւս գաղտնի է պահում  Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի կայանալիք հանդիպման տվյալները: Ինչպես արբանյակային  միջազգային «ATV-int» հեռուստաալիքին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության  ղեկավար Էլման Աբդուլայեւը, գերատեսչությունների ղեկավարների  տեղաշարժերի վերաբերյալ տեղեկությունները  գաղտնի են պահվում ««ԱՍԱԼԱ» ահաբեկչական կազմակերպության»  սպառնալիքների պատճառով:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղաժարժերը գաղտնի պահելը նորություն չէ, նախավերջին անգամ այդ մասին Բաքվում խոսել են  մեկ շաբաթ առաջ: Սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հանդիպման գաղտնիության մասին պնդելն անհարգալից վերաբերմունք է  հեռուստադիտողների եւ ընթերցողների նկատմամբ:

Կայանալիք հանդիպման մասին խոսվել է բազմիցս: Հանդիպումների մասին, որպես կանոն, հայտնում են մի քանի երկրների լրատվամիջոցները: Այդ ենթատեքստում  հանդիպման գաղտնիության մասին խոսելն ավելորդ է: Այդպիսով, Աբդուլայեւի հայտարարությունը եւ վախից կլորացած աչքերը ոչ այլ ինչ են, եթե ոչ թատերական ներկայացում, ցանկացած առիթ օգտագործելու փորձ, տվյալ դեպքում «ԱՍԱԼԱ»-ն` որպես հակահայկական քարոզչության  միջոց: