Մոսկվայի քաղաքային դատարանում ատենակալների կոլեգիան մեղադրական դատավճիռ է կայացրել 6 սքինհեդների դեմ՝ ազգային ատելության մոտիվներով հարձակման եւ սպանության համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել են Մոսկվայի քաղաքային դատարանի մամուլի ծառայությունում:
Մեղադրյալների նստարանին էին Դմիտրի Սուդակովը, Ալեքսանդր Կիչուտկինը, Վլադիմիր Բելյակովը, Ալեքսեյ Կիսիլյովը, Վլադիմիր Ստեպանովը, Եմելյան Նիկոլաեւն ու Ստեպան Կուզմինը: Վերջինս ատենակալների միաձայն որոշմամբ արդարացվել է: Մյուսների մեղքն ատենակալներն ամբողջությամբ ապացուցված է համարվել:
Բելյակովը, Ստեպանովը, Կիսիլյովը եւ Կիչուտկինը հանցագործության պահին անչափահաս են եղել, ընդ որում վերջինս նախկինում դատված է եղել:
Քննության տվյալներով, 2009-ի հոկտեմբերին Նիկոլաեւը, Սուդակովը, Բելյաեւը, Կիչուտկինը դանակներով զինված քայլել են Մոսկվայի Վվեդենսկիի փողոցով՝ հարձակման համար ոչ սլավոնական արտաքինով անձանց փնտրելով: Նրանց զոհը դարձել է Հայաստանի մի քաղաքացի, ով մահացել է արյունահոսությունից:
«Տղամարդու նկատմամբ տածելով ատելություն, թշնամություն եւ ցանկանալով ֆիզիկական հաշվեհարդար տեսնել նրա հետ, Նիկոլայեւը, Սուդակովը, Բելյակովը, Կիչուտկինը սպանության նպատակով հարձակվել են իրենց զոհի վրա, բազմաթիվ հարվածներ հասցրել ձեռքերով, ոտքերով, ապա դանակով առնվազն 11 անգամ հարվածել նրան»,-ասված է գործի նյութերում:





























