Վերջերս հանրապետության զինված ուժերի զորամիավորումների, միավորումների, զորամասերի եւ ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային զորախաղերի շրջանակում հոկտեմբերի 15-ից 23-ը ԼՂՀ պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի հետ կազմակերպվեց մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն:

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 23-ին, բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում տեղի ունեցավ զորավարժության գլխավոր՝ մարտական հրաձգության փուլը, որին հետեւում էին երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարները, պաշտպանության նախարարներն ու բարձրաստիճան զինվորականներ:

Հինգ փուլից բաղկացած համաբանակային նշանակության միջոցառումը նպատակ ուներ պաշտպանողական եւ հակահարձակողական մարտերի խաղարկման ընթացքում ստուգել զորամասերի եւ ստորաբաժանումների մարտական պատրաստության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունը, մարտի տարբեր տեսակներում կատարելագործել զորամասերի գործողությունների մարտական ներդաշնակությունը, բարձրացնել հրամանատարների եւ շտաբների գործնական ունակությունները եւ որ շատ կարեւոր է, անձնակազմի մոտ ձեւավորել բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներ:

Հանրապետության զինված ուժերի համար զորավարժությունն աննախադեպ էր ոչ միայն նրանում ընդգրկված ուժերի եւ միջոցների անհամեմատ մեծ ծավալներով, այլեւ դրանց ներդաշնակ կիրառման արդյունավետությամբ եւ մարտական պատրաստության ուղղությամբ ցուցաբերած կոլեկտիվ եւ անհատական բարձր ունակություններով: