Եվրոպայի լավագույն հիվանդանոցներից մեկի՝ Բեռլինի Charite կլինիկայի ծննդաբերական բաժանմունքում վտանգավոր ստամոքսային վարակ է բռնկվել: Հիվանդացել են, առնվազն, 7 նորածիններ, որոնցից մեկին չի հաջողվել փրկել:

Գրեթե ամենուր գտնվող սերացիա բակտերիան առողջ մարդու համար, փաստացի, անվտանգ է: Նրա վտանգավորությունն ի հայտ է գալիս այնտեղ, որտեղ թույլ է իմունիտետը: Հայտնվելով հայտնի հիվանդանոցում, սերացիան նորածին տղայի մահվան պատճառ է դարձել, որը ծնվել էր սրտի արատով, ինչպես նաեւ վտանգի տակ դրել ավելի քան 20 նորածինների կյանքը, հաղորդում է Vesti.ru_ն: Կա կասկած, որ բակտերիան հայտնվել է վիրահատական բաժանմունքից, որտեղ հիվանդ երեխային վիրահատել էին նրա մահից 5 օր առաջ: Այդտեղից նա վերադարձել է արդեն վարակված:

Charite-ի ծննդաբերական 5 բաժանմունքներից երկուսն այս պահին փակ են: Բեռլինի իշխանությունները պատրաստվում են տոտալ սանիտարական ստուգում անցկացնել քաղաքային հիվանդանոցներում եւ խոստանում են, որ այդ նպատակով փող չեն խնայի:

2010 թվականին Մայնցի համալսարանական հիվանդանոցում ներերակային սնուցման խառնուրդի ճանապարհով ի հայտ եկած վարակի հետեւանքով մահացել էին 3 նորածիններ: Շշի հերմետիկությունը վնասվել էր տեղափոխման ժամանակ: Նախորդ տարի Բրեմենում ստամոքսային բակտերիայից մահացել էին եւս 3 նորածիններ: