Ռուսաստանը թույլ չի տա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձեւ ընդունվի, որը թույլ կտա «խորամանկ մեկնաբանության» դիմել եւ ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ: Այս մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:
Հարցին, թե կարո՞ղ են Իսրայելը կամ ԱՄՆ-ը ռազմական գործողություններ սկսել Իրանում, Լավրովը պատասխանել է, որ ինչպես ցույց տվեց լիբիական փորձը, ռազմական սցենարը, ցավոք, հնարավոր է: «Ուստի մենք առավելագույնս պահանջկոտ կլինենք ցանկացած նախաձեռնության ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այլեւս այդպիսի խորամանկ մեկնաբանություններ թույլ չենք տա: մենք կապահովենք, որպեսզի ոչ մի բանաձեւ մեկնաբանության չենթարկվի լիբիական բանաձեւ պես»,-ընդգծել է նախարարը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձեւ ընդունեց, որը ենթադրում էր ոչ թռիչքային գոտի ստեղծել Լիբիայի օդային տարածքում: Դրանից հետո միջազգային կոալիցիան՝ ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ, հիմնվելով այդ փաստաթղթի վրա, ռազմական գործողություն սկսեց Լիբիայի դեմ, որն ավարտվեց Մուամար Քադաֆիի իշխանության տապալմամբ:





























