Հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպումը կառուցողական է անցել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում` հոկտեմբերի 23-ին:  

Ըստ ՌՀՄ-ի փոխնախագահի` հանդիպումը կառուցողական մթնոլորտում է անցել: Մասնավորապես, նա նշել է ՌՀՄ-ի նախագահ Արա Աբրահամյանի եւ «Ազերոս» դաշնային ինքնավար Ազգային-մշակութային կենտրոնի ղեկավար Սոյուն Սադիգովի ելույթը:  Չնայած ադրբեջանական համայնքի որոշ ներկայացուցիչների փորձերին` քաղաքական հարցեր չեն քննարկվել:

Նշվել է, որ Ղարաբաղի հարցը քննարկվում է  նախագահների մակարդակով,  եւ Ռուսաստանում  ապրող հայերն ու ադրբեջանցիները չպետք է սադրանքների ենթարկվեն եւ հարաբերություններ պարզեն, նշել է ՌՀՄ-ի փոխնախագահը: Հանդիպման արդյունքներից ելնելով` որոշվել է շարունակել երկու համայնքների ներկայացուցիչների միջեւ կապերը: Հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին` Օրենբուրգում: 

Նշենք, որ Մոսկվայում հանդիպման ժամանակ հայկական կողմից ներկա էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: