Բիձինա Իվանիշվիլիի Ադրբեջան հնարավոր այցի ընթացքում հնարավոր է քննարկվի Վրաստանի համար գազի նոր գինը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է վրացի փորձագետ Էմզար Ջեգենայան:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ 2008 թվականին կնքված պայմանագրի համաձայն, Վրաստանը ադրբեջանական գազը գնում է 167 դոլարով՝ 1000 խմ դիմաց, սպառողների համար եւ 143 դոլար՝ էլեկտրաէներգիա արտադրողների համար: Այն ժամանակ Վրաստանի կառավարությունն ու SOCAR-ը հուշագիր էին ստորագրել, որով այդ գները հաստատվում էին 5 տարով:
Հարցին՝ հնարավո՞ր է գազի գնի վերանայման շուրջ բանակցություններ սկսվեն, Ջեգենայան պատասխանել է, որ դա պետք է լինի օրակարգի գլխավոր հարցերից մեկը: «Գազի ներկա գինը կարելի է նորմալ համարել, բայց, այնուամենայնիվ, փոխզիջումների որոնման բանակցություններ կլինեն»,-հավելել է նա: Տնտեսագետի կարծիքով, վրացական կողմի պատասխան ակտիվը կարող է լինել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով տարանցման գինը:
Բացի դա, օրակարգում կարող է լինել նաեւ Վրաստանում ադրբեջանական ներդրումների հարցը: «Ընդհանուր առմամբ, այդ այցելությունը կարելի է անվանել ճանաչողական, որի ժամանակ կքննարկվեն կողմերի հնարավորությունները»,-ամփոփել է նա:
Նշենք, որ Ադրբեջանը Վրաստանի համար բնական գազի հիմնական մատակարարն է:




























