NEWS.am-ը ներկայացնում է «GlobalPost»-ում հրապարակված Նիկոլաս Էլեյթոնի հոդվածից մի հատված.
Տարածաշրջանում, որտեղ երեք սառեցված հակամարտությունների պայմաններում պահպանվում է փխրուն խաղաղությունը, Հարավային Կովկասի երկրներն օգտագործում են անօդաչու ինքնաթիռներ` միմյանց պաշտպանությունն ուսումնասիրելու եւ վիճելի տարծքներում միմյանց լրտեսելու համար:
Տարածաշրջանում նաեւ առկա են ռազմավարական նավթա եւ գազատարներ, դաշինքների խճճված հանգույցներ, որոնք, դիտորդների խոսքով, սպառնում են վերաճել տարածաշրջանային հակամարտության` Իսրայելի, Ռուսաստանի եւ Իրանի հնարավոր ներգրավմամբ: Ինչ- որ առումով այդ երկրներն արդեն ներքաշվում են հակամարտության մեջ: Անցած տարի սեպտեմբերին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում իսրայելական արտադրության անօդաչու սարք էր խփել:
ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն երկու երկրների վրա էլ զենքի ձեռք բերման ոչ պարտադիր էմբարգո են դրել, սակայն Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով, դա Իսրայելին եւ Ռուսաստանին չի խանգարել նրանց զենք վաճառել:
Էներգակիրների արտահանումից ստացված ռեսուրսներով Ադրբեջանն իր երկրի պաշտպանական բյուջեն 2003թ. 160 մլն դոլարից 2012 թ-ին հասցրել է մինչեւ 3,6 մլրդ դոլարի: Համաձայն SIPRI-ի զեկույցի` նկատելի չափով Իսրայելի հետ Ադրբեջանի սուպերգործարքի արդյունքում նրա պաշտպանական բյուջեն այս տարի կտրուկ աճել է 88 տոկոսով, ինչն աշխարհում ռազմական ծախսերի խոշոր չափի ավելացում է:
Անօդաչու ինքնաթիռները սառեցված հակամարտություններում գայթակղիչ գործիք են, քանի որ չնայած նրանց ներկայությունը լարվածություն է առաջացնում, միջազգային իրավունքը լավագույն դեպքում մշուշոտ է մնում նրանց օգտագործման օրինականության առումով:
ԱՄՆ ռազմական քոլեջի պրոֆեսոր Սթիվեն Բլանկը հայտարարել է, որ պատերազմի վերսկսուոմը «աղետալի իրադարձություն» կլինի` «շատ արագ միջազգային մակարդակի դուրս գալու հնարավորությամբ»: Հայաստանը ռազմական դաշինքի մեջ է Ռուսաստանի հետ եւ նրա տարածքում է ռուսական ռազմաբազան` 5000 ռուսաստանցի զինծառայողով:
Բլանկի խոսքով` Իսրայելը ռիսկային քայլ է արել` Ադրբեջանին անօդաչու սարքեր եւ այլ սպառազինություններ տրամադրելով` հաշվի առնելով ամրապնդված հայկական դիրքերի եւ առավել մեծաթիվ ու տեխնոլգիապես առավելություն ունեցող ադրբեջանական ուժերի միջեւ թույլ հավասարակշռությունը: Եթե բռնկում լինի, ըստ նրա, «հայ-ադրբեջանական պատերազմը փոքր չի լինի: Ես դրանում համոզված եմ»:





























