«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը այսօր` հոկտեմբերի 23-ին, կեսօրից հետո, վերականգնել է «Արմավիա» ընկերության չվերթների սպասարկումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը:

Չվերթների սպասարկումը վերականգնվել է, քանի որ ավիաընկերությունը խոստացել է փոխանցել 150 հազար դոլար եւ պարտքը հասցնել 3 միլիոն 150 հազար դոլարի: Եթե «Արմավիան» չկատարի խոստումը, ապա վաղը թերեւս չվերթների սպասարկումը կդրվի հարցականի տակ:

Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում «Զվարթնոցը» մի քանի անգամ դադարեցրել էր սպասարկումը` 3 մլն դոլարը գերազանցող պարտքի պատճառով:

Հիշեցնենք, «Արմավիայի» եւ «Արմենիա միջազգային օդանավակայանների» (որին պատկանում է «Զվարթնոց» օդանավակայանը) հակասություններն արդեն մի քանի ամիս շարունակվում են: Մի քանի անգամ «Զվարթնոցը» դադարեցրել էր «Արմավիայի» թռիչքները` պարտքի թույլատրելի ծավալի սահմանները գերազանցելու համար, սակայն բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության էին եկել: