Բիձինա Իվանիշվիլիի դաշինքը դեռեւս Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ մոտեցումները չի կապում Ղարաբաղի հարցի շուրջ մոտեցումներին: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վրացի քաղաքագետ, «Վրացական երազանք» կոլաիցիայի անդամ պատգամավոր Մամուկա Արեշիձեն: «Ես նման կապ չեմ տեսել Իվանիշվիլիի հայտարարություններում եւ չեմ կարծում, որ այն կա: Ցանկացած դեպքում, դեռեւս վաղ է խոսել այն մասին, թե ինչ դիրքորոշում կորդեգրի Վրաստանի նոր կառավարությունը Ղարաբաղի հարցում, դա կախված է մի շարք գործոններից»,-հավելեց Արեշիձեն:

Ինչ վերաբերում է Աբխազիային եւ Հարավային Օսիային, ապա ըստ քաղաքագետի, «Օկուպացված տարածքների մասին» Վրաստանի գործող օրենքի ներկա խմբագրությունն այնքան էլ ներդաշնակ չէ ավելի վաղ մշակված հումանիտար կապերի զարգացման ռազմավարության հետ: «Կան մի շարք երեւույթներ, որոնք պետք է փոխել իրավակիրառական պրակտիկայում»,-ասաց նա:

Անդրադառնալով Էրգեթիում Վրաստանի եւ Հարավային Օսիայի բնակիչների համար համատեղ շուկայի բացման շուրջ խոսակցություններին, Արեշիձեն նշեց, որ այս մասին եւս չի կարելի միանշանակ խոսել: «Դժվար է ասել, որովհետեւ շփումների կազմակերպումը կախված է նաեւ խոշոր աշխարհաքաղաքական խաղացողներից»,-ամփոփեց նա: