Ճապոնիայի բջջային կապի խոշորագույն օպերատոր DoCoMo-ն նախատեսում է ներկայացնել ձայնային սինխրոն թարգմանության ծրագիրն Android-ի համար: Ինչպես հաղորդում է ItproPortal.com պորտալը, ծրագրի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 1-ին:
Ծրագիրը սկզբնաման փուլում թարգմանություններ կկատարի ճապոներենից անգլերեն, չինարեն եւ կորեերեն: Նոյեմբերի վերջին նախատեսվում է ավելացնել եւս մի քանի լեզուներ: Ձայնային թարգմանության հետ մեկտեղ, պլանշետի էկրանին կհայտնվի թարգմանության տեքստը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ծրագրի հնարավորությունները կսահմանափակվեն, քանի որ որոշ բարբառների հնչողությունը ծրագիրը կարող է չհասկանալ:
Ծրագրի մրցակիցների շարքում են ֆրանսիական Alcatel-Lucent-ի WeTalk մշակումը, որը նախատեսվում է գործարկել ֆիքսված հեռախոսային ցանցում:




























