ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Դեյթոնի ընտրողների հետ հանդիպմանը հեգնանքով է արտահայտվել  կայանալիք ընտրություններում իր մրցակից Միթ Ռոմնիի մասին:  Նա թվարկել է «ռոմնիզիայի» բոլոր ախտանիշները ` հիշողության կորուստ եւ հայացքներն արագ փոխելու ու քաղաքական իրավիճակին հարմարեցնելու ձգտում:

«Եթե հեռուստաբանավեճի ժամանակ մարդն ասում է, թե ինչքան է սիրում ուսուցիչներին, չնայած որ մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր, որ կրթության նոր աշխատակիցների չի վարձելու, քանի որ դա, իբր, չի նպաստի մեր տնտեսության աճին, ապա նա ակնհայտ «ռոմնիզիա» ունի: Եթե դուք ասում եք, որ  չեք կրճատելու հարուստների հարկերը, իսկ հետո տեսախցիկի առաջ հակառակը հայտարարում, ապա դա «ռոմնիզիայի»  դասական դեպք է:  Եթե դուք  ասում եք, որ ամերիկյան մեքենաներ եք սիրում, բայց միաժամանակ հոդված  եք գրում  «Պետք է թողնել ավտոարտադրությունը սնանկանա» խորագրով, դուք ակնհայտ «ռոմնիզիա» ունեք», - հայտարարել է նա լսարանի ծիծաղի ներքո, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ընդ որում, Օբաման կոչ է արել չանհանգստանալ, եթե որեւէ մեկի մոտ «ռոմնիզիա» ի հայտ գա, Obamacare-ը (ԱՄՆ-ում բժշկական ապահովագրական նոր համակարգ) կբուժի նույնիսկ նման ծանր դեպքերը: 

Ըստ հարցումների` Օբաման եւ Ռոմնին այժմ ընտրվելու գրեթե հավասար հնարավորություններ ունեն: Սակայն Օբաման առաջատարն է, այսպես կոչված, վիճելի նահանգների մեծ մասում որտեղ շատ են չկողմնորոշված ընտրողները: