Ռուսաստանում հեղափոխական փոփոխություններն անխուսափելի են, քանի որ հանրությունը փոխվելու այլ միջոցներ չի տեսնում: Այդ մասին ասված է Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ՌՀԿ) զեկույցում: Հակառակ դեպքում Ռուսաստանին ոչնչացում է սպասվում: Հարցն այն է, թե ինչպես կկատարվի հեղափոխությունը` կամավոր իշխանափոխության, թե քաղաքացիական զանգվածային ապստամբության եղանակով:
ՌՀԿ-ի զեկույցի համաձայն` իշխանությանը չպետք է հանգստացնի Մոսկվայում բողոքողների ակտիվության նվազումը, քանի որ ամբողջ երկրում իշխանության եւ առաջին հերթին` նախագահի նկատմամբ անվստահությունը խորացել է:
Բոլոր ֆոկուս խմբերում «նախագահի PR ակտիվությունը բացասաբար է ընկալվում»: Իսկ նախագահի հանդեպ միջին դասի վերաբերմունքը բացասականից վերածվել է թշնամականի»: Բոլոր ֆոկուս խմբերում «Եդինայա Ռոսիայի» հանդեպ վերաբերմունքը միանշանակ բացասական է: Իշխանության նկատմամբ անվստահության աճի պայմաններում ժողովուրդն իրավիճակի վատթարացման սպառնալիք է զգում, գրում է «Կոմերսանտը»:
Եւ այս ամենը զուգակցված են «սեփական գործողությունների անօգուտ լինելու գիտակցումից» առաջացած ընկճվածությամբ: Այս պայմաններում երկրին հեղափոխության բոլոր տեսակներին իբրեւ այլընտրանք միայն մեկ բան է մնում`«ոչնչացում` աշխատունակության կորստի, ընկճախտի եւ հարբեցողության հետեւանքով»:




























