Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հոկտեմբերի 23-ին հրապարակել է  այն թեկնածուների ցուցակը, որոնց կազմակերպությունը Կոնգրեսում կաջակցի 2012 թ-ի ընտրությունների ժամանակ` համապատասխան գնահատականներով: Այս մասին հայտնում է «Asbarez»-ը:  Այսպիսով ANCA-ն ձգտում է ԱՄՆ-ի հայ համայնքի աջակցությունը ցուցաբերել ավելի քան 30 նահանգների` Պալատի եւ Սենատի այն ներկայացուցիչներին, ովքեր աջակցություն են ցուցաբերել հայ համայնքի եւ Հայաստանի բարեկամների շահերը ներկայացնող հարցերում:

Հանձնախմբի աջակցությունը հիմնված է յուրաքանչյուր թեկնածուի` հայ–ամերիկյան  հարցերի լայն  սպեկտրի վերաբերյալ մանրամասն հաշվետվության հիման վրա: Այ ներառում է Հայոց ցեղասպանության  հարցի արդար լուծման ապահովումը, Թուրքիայի կողմից հայերի եւ քրիստոնյաների ունեցվածքի վերադարձը, հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդումը, Լեռնային Ղարաբաղի անկախության պաշտպանությունը, ինչպես նաեւ ամերիկյան օգնության եւ առեւտրի ծավալների ավելացումը Հայաստանի հետ: