Վրաստանի կառավարությունը, կազմը հաստատվելուց անմիջապես հետո, կարող է քննարկման դնել երկրից փախած բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ Ինտերպոլով միջազգային հետախուզում հայտարարելու հարցը: Այդ մասին  «Իզվեստիային» ասել է Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ալասանիան:

«Կգտնենք անգամ  Հյուսիսային բեւեռում», -խոստացել է Ալասանիան, որն ասում է, որ նախնական տվյալներով, ռազմական գերատեսչությունը «կոռուպցիայի բույն» է եղել:  Առաջին հերթին ՊՆ-ի նոր ղեկավարությունը կստուգի, թե ինպես են անցկացվել Զինված ուժերի համար զենքի  եւ ռազմամթերքի գնման մրցույթները, քանի որ կասկածներ կան վերջին ութ տարիներին աննպատակ բազմամիլիարդ ծախսերի վերաբերյալ:

Պաշտպանության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հրատարակչության հետ զրույցում մտավախություն է հայտնել, որ փախած նախարարները գաղտնի տվյալներ կհայտնեն  «Վրաստանի ոչ բարեկամ երկրներին»:  «Դրա համար  նրանք պարտադիր չէ, որ գտնվեն, ասեմք, Ռուսաստանում, նրանք  մեր նկատմամբ ոչ բարյացակամ երկրների  հատուկ ծառայությունների ուշադրության առարկա կարող են դառնալ նաեւ այլ պետության տարածքում: Վտանգ կա, որ կմատնվի պետական կարեւորություն ներկայացնող տեղեկություն»,  - հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ կառավարության հեռացող պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինը, ամենայն հավանականությամբ, այժմ գտնվում է ԱՄՆ-ում, ուր նա մեկնել է անմիջապես խորհրհդարանական ընտրություններից հետո: Սոցցանցի միջոցով նա լուր էր տարածել, որ Վրաստան չի վերադառնա: Վրաստանի ՆԳՆ-ի նախկին ղեկավար Ախալայան, որը պաշտոնը լքել էր սեպտեմբերին  բանտարկյալների դեմ բռնությունների պատմության հետ կապված,  եւ նրա եղբայր Դաթան, որն զբաղեցնում էր պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, ըստ վրացական լրատվամիջոցների՝ այժմ գտնվում են Թուրքիայում: Նաեւ հայտնի չէ, թե որտեղ է գտնվում  նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մեկ այլ համախոհ՝ հեռացող կառավարության արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին, որն արձակուրդի էր մեկնել Ավստրիա, երբ իրենց կուսակցությունը պարտվել էր խորհրդարանական ընտրություններում: Հետո նրան ընտանիքի հետ տեսել էին արդեն գերմանական Ֆրանկֆուրտում: