Էներգետիկայի բնագավառում ԱՄՆ-ի դիվանագիտության կարեւոր ուղղություններից մեկը մրցակցության զարգացումն ու մենաշնորհի բացառումն է: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վաշինգթոնի Ջորջթաուն Համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
«Տասնամյակներ շարունակ եվրոպական բազմաթիվ երկրներ իրենց բնական գազի մեծ մասը ստացել են մեկ երկրի գազատար խողովակից, այն է` Ռուսաստանից: Այլ աղբյուրները հասանելի չեն եղել» ,-նշել է նա:
Քլինթոնի խոսքով, ներկայումս իրավիճակը փոխվել է, քանի որ համաշխարհային շուկայում կա մեծ քանակությամբ գազ, որը պետք է գտնի իր գնորդին:
«Բնական գազ կա Կասպից ծովում եւ Կենտրոնական Ասիայում: Նրանք ցանկանում են վաճառել այն, իր հերթին Եվրոպան ցանկանում է գնել այն: Սակայն, առաջին հերթին, նրանք պետք է խազատար խողովակներ կառուցեն: Ահա դրանում է «Հարավային միջանցք» ծրագրի նպատակը, որը կտարածվի եվրոպական ողջ տարածքում: ԱՄՆ այս ծրագրի մասնակիցների ակտիվ գործընկերն է, որը օգնում է կյանքի կոչել այս նախագիծը»,-ընդգծել է Քլինթոնը:




























