Չնայած հոկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին «Վրաստանի երկաթուղիներ» ՍՊԸ-ի աշխատակիցները նախազգուշական գործադուլ են հայտարարել, դա չի ազդել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքի, մասնավորապես` Երեւան-Թբիլիսի-Երեւան ուղեւորափոխադրման վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:
Ըստ նրա՝ այսօր առավոտյան, չվացուցակի համաձայն, Թբիլիսիից Երեւան է ժամանել ուղեւորատար կազմը: «Ինչ վերաբերում է Թբիլիսիից Երեւան բեռնափոխադրումներ իրականացնող անձնակազմերին, ապա նրանց վրա այդ գործադուլը նույնպես չի ազդել», - ասել է Դավթյանը, չբացառելով, որ իրադրությունը կարող է փոխվել:
Նշենք, որ «Վրաստանի երկաթուղիներ» ՍՊԸ-ի աշխատակիցներն այսօր նախազգուշական գործադուլ էին հայտարարել՝ աշխատավարձերի բարձրացման եւ աշխատանքային պայմանների բարելավման պահանջներով: Երկրի տարածքով գնացքների երթեւեկությունը դադարեցվել էր 2 ժամով: Աշխատակիցները պատրաստ են երկաթուղու ղեկավարության հետ բանակցելու, սակայն քանի որ հին ղեկավարության նկատմամբ վստահությունը ցածր է, նրանք հույս ունեն բանակցել ապագա ղեկավարության հետ, հաղորդում է «Նովոստի Գռուզիա» գործակալությունը: Հավելենք, որ երկաթուղին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հեռացող կառավարության հպարտությունն էր: Սակայն հենց իշխանափոխությանը զուգահեռ դրա աշխատակիցներն սկսեցին արտահայտել իրենց դժգոհությունը:





























