Վրաստանի Գուրջանի շրջանի Կոլագի գյուղում խորհրդարանական ընտրությունների նախօրեին մահացած 10 ամսական Բարբարա Ռաֆալյանցի մահվան պատճառ է դարձել շնչառական ուղիների մեջ լցված հեղուկը: Նման եզրահանգման է եկել Լիվան Սամխարաուլիի անվան Փորձագիտական ազգային բյուրոն: Այս մասին «Մաեստրո» հեռուստաընկերությանը հայտնել են «Վրացական երազանք» կոալիցիայի մարդու իրավունքների կոմիտեն:
Միեւնույն ժամանակ Կոմիտեի անդամ Վառլամ Խատրիձեն մեղադրել է դատախազությանը անգործության մեջ, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»: «Մենք ունենք դատական փորձաքննության պատասխանը, որում ուղիղ ասվում է, որ երեխայի մահվան ատճառ է դարձել շնչուղիների մեջ լցված հեղուկը: Փաստորեն ստացվում է, որ գինու տակառի մեջ նետվել է ողջ երեխան: «Վրացական երազանք» կոալիցիայի մարդու իրավունքների կոմիտեն կոչ է անում գլխավոր դատախազին կամք ցուցաբերել եւ բացահայտել այս գործը»,-հայտարարել է Խատրիձեն: Նա նաեւ նշել է, որ սպանության մեջ կասկածվողները դեռեւս չեն հարցաքննվել:
Հիշեցնենք, որ Կոլագի գյուղում սեպտեմբերի 30-ին` Վրաստանում խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ գինու տակառի մեջ են հայտնաբերել 10 ամսական Բարբարա Ռաֆալյանցին: Տակառը փակված է եղել քարե կափարիչով: Աղջնակի ծնողները հայտնել են, որ տեղի ունեցածը կապում են իրենց ազգականուհու` «Վրացական երազանքի» ակտիվիստուհու քաղաքական գործունեության հետ, ով իրենց խոսքով, բազմիցս սպառնալիքներ է ստացել «Ազգային շարժումի» ակտիվիստներից:





























