Այսօր` հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ Փրկարար ծառայության ղեկավար կազմի աշխատանքային քննարկում` Ճգնաժամային կառավարման կենտրոնի զարգացման հեռանկարների վերաբերյալ:

ՃԿԿ պետ, գնդապետ Հ. Խանգելդյանը ներկաներին հանգամանալից ներկայացրեց կենտրոնի ներկայիս աշխատանքը, հիմնական գործառույթները, տեխնիկական զինվածությունը, ծրագրային ապահովումը, ինչպես նաեւ առկա խնդիրներն ու զարգացման ծրագրերը: Հ. Խանգելդյանը մասնավորապես նշեց, որ շուտով կենտրոնը կունենա էներգամատակարարման 4 տարբեր, անկախ աղբյուր` գործունեության լիարժեք ինքնավարություն ապահովելու համար.

- Նախատեսվում է ավելացնել հեռախոսային եւ ռադիոկայանների քանակը, համակարգչային ցանցն ապահովել հզոր հակավիրուսային պաշտպանության ծրագրերով եւ ժամանակակից ծրագրային փաթեթներով, զարգացնել եւ ընդլայնել երկրատեղեկատվական համակարգերի (GIS) կիրառությունը եւ սերտացնել փոխգործակցությունն ու տեղեկատվության փոխանակումը պետական մյուս գերատեսչությունների հետ:

2012թ. առաջին 7 ամսվա ընթացքում ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է շուրջ 755 հազար զանգ, որոնցից ոչ մեկն անարձագանք չի մնացել: Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում ոստիկանությունը ստացել է մոտ 80 հազար, իսկ շտապօգնության ծառայությունը` մոտ 490 հազար զանգ: Այս թվերը խոսում են բնակչության կողմից ցուցաբերվող բարձր վստահության մասին, եւ պարտավորեցնում ավելի բարձրացնել աշխատանքի որակն ու արդյունավետությունը: Այդ նպատակով որոշում է կայացվել ճգնաժամային կառավարման կենտրոններ հիմնել նաեւ մարզերում, որոնք պիտի ապահովված լինեն կայուն, արագագործ ինտերնետ կապով եւ երկրատեղեկատվական համակարգերով:

Քննարկման ընթացքում առաջարկություն եղավ մշակել տարբեր արտակարգ իրավիճակներում գործողությունների ալգորիթմ, որպեսզի հնարավորինս կրճատվի պատահարներին արձագանքման ժամանակահատվածը:

Մյուս պետական գերատեսչությունների հետ համագործակցությունը պիտի կարգավորվի նաեւ իրավական ակտերով, եւ բոլոր պետական մարմիններից պատասխանատու, մշտական ներկայացուցիչներ պիտի լինեն ՃԿԿ նորակառույց շենքում: Անհրաժեշտ է վերանայել այլ երկրների ճգնաժամային կառավարման կենտրոնների եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մեխանիզմները: Կարեւոր խնդիրներ են նաեւ ՃԿԿ աշխատակիցների ուսուցումն ու վերապատրաստումը:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը հանձնարարեց մշակել քննարկված հարցերը եւ առաջարկություններ ներկայացնել դրանց իրականացման ուղիների վերաբերյալ։