2008 թվականին Հարավային Օսիայում պատերազմը կազմակերպվել էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ նրա «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու, «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:
Նա այդ մասին հայտարարել է խորհրդարանական փոքրամասնության՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նշելով, որ դա ընդունում են նաեւ ամերիկացիները, եվրոպացիները, Իվանիշվիլին հայտարարել է, որ «այդ ամենը չէր լինի, եթե նորմալ ղեկավարություն ունենայինք», հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Խոսելով Սահակաշվիլիի հայտարարությունների մասին, որ Ռուսաստանը դրան պատրաստվել էր տարիներ շարունակ, Իվանիշվիլին պատասխանել է, որ ոչ թե տարիներ, այլ՝ դարեր: «Սակայն այն, ինչ Ռուսաստանը ցանկացել էր դարերով, բայց չէր կարողացել իրագործել, կարողացավ անել ձեր առաջնորդ Սահակաշվիլին», - հայտարարել է նա, մեջբերում է «Գռուզիա օնլայնը»:
Իվանիշվիլին նաեւ անդրադարձել է աբխազների եւ օսերի հարաբերություններին:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, Իվանիշվիլին հույս է հայտնել, որ մոտ ապագայում դրանք կհարթվեն՝ չնայած որ դրան ուղղված հստակ ծրագիր դեռեւս չկա:




























