Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ` հունվարի 20-ին Թեհրանում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի հետ։ Ինչպես հաղորդում է Tehran Times օրաթերթը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Ըստ թերթի` Մոթաքին ասել է, որ հայ — իրանական կապերը երկարատեւ պատմություն ունեն։ «Կովկասի կայունությունը եւ անվտանգությունը հարկ է ամրապնդել տարածաշրջանային մոտեցումով», — ասել է իրանցի նախարարը։

Խոսելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին, Իրանի ԱԳ նախարարն ասել է, թե «այդ խնդիրները բխում են Երկրորդ աշխարհամարտից հետո սահմանված` աշխարհի կառավարման կոռումպացված համակարգից»:

Ռոբերտ Քոչարյանն, իր հերթին, ասել է, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Իրանի հետ։ Թե ո՞վ է Ռ. Քոչարյանին լիազորել հանդես գալ Հայաստանի անունից, NEWS.am-ը փորձեց ճշտել ե’ւ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, ե’ւ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Տիգրան Բալայանից: Վ. Սողոմոնյանը հաստատեց, որ երեկ Ռ. Քոչարյանն, իրոք նման հանդիպում ունեցել է, սակայն ինքը այդ հանդիպմանը չի եղել եւ չի կարող ասել, թե արդյո՞ք, նա Հայաստանի անունից հայտարարություններ արել է: Իսկ Տիգրան Բալայանն էլ, ասաց, որ նման հանդիպման մասին տեղեկատվությունը ճիշտ կլինի ճշտել երկրորդ նախագահի գրասենյակից, որից հետո նրանցից կարելի կլինի պարզել, թե արդյո՞ք նման հայտարարություն Քոչարյանն արել է:

Ի դեպ, Ռ. Քոչարյանը այդ հանդիպման ժամանակ խոսել է նաեւ տարածաշրջանում անվտանգության եւ տնտեսական զարգացման հարցերում տարածաշրջանային մոտեցումներով առաջնորդվելու անհրաժեշտության մասին, ասելով, թե «Կովկասի ճգնաժամերը կարգավորելու` օտար տերությունների դեղատոմսերը վնասակար են»: