Լիբանանի ընդդիմությունը սիրիական սցենարի կրկնություն թույլ չի տա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է արաբագետ Երվանդ Մինասյանը՝ մեկնաբանելով Լիբանանի իրադրությունը:
Ըստ Մինասյանի՝ Լիբանանում համեմատաբար ավելի ժողովրդավարական կարգեր են, այստեղ միակուսակցական համակարգի մասին խոսք չկա: «Կուսակցությունների միջեւ ձեւավորվել են քաղաքական ավանդույթներ, որոնք թույլ չեն տա քաղաքացիական պատերազմ: Այն թույլ չեն տա նաեւ երկրում ապրող քրիստոնյաները, քանի որ քաջ գիտակցում են հետեւանքները»:
Նա նաեւ նշել է, որ երկրի ընդդիմությունը եւ կառավարությունը մասնավորապես համաձայնության են եկել վարչապետի հրաժարականի հարցում, որը պաշտոնը լքելու պատրաստակամություն է հայտնել: Կառավարությունը քայլեր է ձեռնարկել իրադրությունը վերահսկելու նպատակով: Իր հերթին էլ ընդդիմությունն իր կողմնակիցներին է կոչ արել չդիմել ծայրահեղ քայլերի:
Ըստ արաբագետի՝ նույնիսկ վարչապետի եւ կառավարության փոփոխությունը չի լուծի Լիբանանի ներքին բոլոր խնդիրները: Արաբագետը նաեւ չի բացառել, որ Լիբանանում իրադրության անկայունացման թիկունքում կանգնած է Իսրայելը, որը կարող էր կազմակերպած լինել հոկտեմբերի 19-ի ահաբեկչությունը:





























