Վերջին ժամանակներս շատ է խոսվում ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման մասին, սակայն պետք է նշել, որ տեղաշարժը, հիմնականում վերաբերում է տնտեսական բաղադրիչին: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը:
«Այսինքն, ռուս-թուրքական հարաբերություններում առաջընթաց նկատվում է միայն տնտեսական առումով, ինչը չի կարելի ասել քաղաքական հարաբերությունների մասին: Ակնհայտ է, որ ռուս-թուրքական քաղաքական հարաբերություններում կան խորը տարաձայնություններ եւ աշխարհաքաղաքական հակասություններ, քանի որ եւ Ռուսաստանը, եւ Թուրքիան գտնվում են հակադիր աշխարհաքաղաքական բեւեռներում եւ տարածաշրջանում նրանց շահերը շատ տարբեր են:
Մերձավոր Արեւելքում իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, այս երկու երկրների հարաբերությունները փոփոխության են ենթարկվել: Վերջին օրերի լարվածությունը, որին նպաստել է ՌԴ նախագահ Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի միջեւ հեռախոսազրույցի մասին արտահոսքը, երկու երկրների հարաբերությունների վատթարացման արտահայտությունն է»,-արձանագրեց թուրքագետը:
Մելքոնյանի խոսքով, Սիրիայի շուրջ իրավիճակի վատթարացման հետ կապված Ռուսաստանն ուղղակի ստիպված է հանդես գալ ավելի կտրուկ հայտարարություններով: «Քանի որ այս հարցում Արեւմուտքի գլխավոր դերակատարը Թուրքիան է, հենց այդ երկիրն է վարձկանների ուսուցանում եւ ուղարկում Սիրիա, ինչպես նաեւ հարվածներ հասցնում այդ երկրին, ապա բնական է, որ Ռուսաստանը բավական խիստ է արտահայտվում»,-ընդգծեց թուրքագետը:
«Նույնիսկ եթե ենթադրենք, որ Պուտին-Էրդողան զրույցը այլ հունով է ընթացել, այդուհանդերձ, Ռուսաստանը Թուրքիայի հետ խոսում է բավական խիստ լեզվով: Սկզբում պաշտոնական Անկարան փորձեց հանդես գալ հավասարազոր պատասխանով, բայց ավելի ուշ, գիտակցելով ուժերի անհավասարությունը, մեղմացրեց իր հայտարարությունների տոնը»,-ամփոփեց Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ թուրքական Aydinlik թերթի փոխանցմամբ, հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ լարված հեռախոսազրուցյ է տեղի ունեցել: Պուտինը հայտարարել է, որ թուրք զինվորականների կողմից Սիրիայի սահմանը հատելը Մոսկվան կհամարի իր դեմ ուղղված գործողություն:





























