Հայաստանին մատակարարվող գազի սակագնի շուրջ բանակցությունները ռուսական կողմի հետ դեռեւս չեն ավարտվել: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ բանակցություններն ընթանում են գաղտնի ռեժիմով, քանի որ ռուսական կողմը նմանատիպ բանակցություններ վարում է ԱՊՀ այլ երկրների հետ եւս, եւ յուրաքանչյուր դեպքում ունի առանձնահատուկ մոտեցում: Ըստ Ա. Մովսիսյանի՝ գազի սակագինը ընտրական գործընթացների հետ որեւէ կապ չունի:

Նախարարը նաեւ հերքեց պատգամավոր Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե ՀՀ կառավարության նիստում որոշում է ընդունվել «Հայռուսգազարդում» ՀՀ կառավարության 20% մասնաբաժինը զիջել «Գազպրոմին»՝ մինչեւ 2013 թ. ապրիլի 1-ը մատակարարվող գազի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար: Լ. Զուրաբյանի տեղեկացմամբ՝   ռուսական կողմը գազ մատակարերու է 1000 խոր. մետրը 240 դոլարով՝ նախկին 180 դոլարի համեմատ: