Օտարերկյա արժույթը, հիմնականում դոլարն Աֆղանստանից հոսում է Իրան: Արժույթն ապօրինի ճանապարհով տեղափոխում են ավտոմեքենաներով՝ աֆղանական Գերաթ, Ֆարահ եւ Նիմրուզ նահանգների տարածքով: Այս մասին հաղորդում է աֆղանական Wadsam բիզնես պորտալը:

Գերաթ նահանգի վերաքննիչ դատարանի դատախազ Ահմադ Ռամեշի տվյալներով, վերջին շաբաթներին դատախազությունը 4 քրեական գործ է հարուցել երկրից ֆինանսական միջոցների ապօրինի ճանապարհով դուրս բերելու փաստի հետ կապված, որի ընդհանուր գումարը կազմել է 1,2 մլն դոլար: Աֆղանստանում թույլէ տրվում առանց հայտարարագրելու եւ Կենտրոնական բանկի թույլտվության երկրից դուրս բերել միայն 20 հազար դոլար:

Գերաթ նահանգի փոխանակման կետերի միավորման ղեկավար Աբդուլահ Հաբիբի Դաշտիի խոսքով, այդ միտումը հարուցում է արժութային դիլերների անհանգստությունը, քանի որ վերջին ամիսներին նահանգում արտարժույթի պակասություն է զգացվում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին իրանական արժույթի կտրուկ անկում է նկատվել՝ կապված այդ երկրի դեմ միջազգային տնտեսական պատժամիջոցների հետ: Միայն հոկտեմբերի 1-ին իրանական ռիալն արժեզրկվել է 17 տոկոսով, իսկ տարվա կտրվածքով այն արժեզրկվել է 80 տոկոսով:

Այս ֆոնին Իրանի Կենտրոնական բանկը որոշել է 5 հազար դոլարով սահմանափակել արժույթի արտահանման ու ներմուծման թույլատրելի ծավալները, որպեսզի ինչ-որ կերպ կայունացնի արժութային շուկան: