Լիբանանում կառավարությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով փոխելու ավանդույթներ կան, հետեւաբար, այս պահին այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ավարտվել արտահերթ քվեարկություն նշանակելով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արաբագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դասախոս Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, Լիբանանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ընդառաջ գնալ ընդդիմության պահանջներին: Ներկայումս կառավարության հրաժարականի պատրաստակամության վերաբերյալ քննարկումներ են ընթանում, ուստի «արաբական գարնան» պետք չի սպասել:
Հարցին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլուծե՞ն ներքին խնդիրները, նա բացասական պատասխան տվեց: «Դա չի լուծի Լիբանանի ներքաղաքական խնդիրները, ուղղակի որոշ չափով կթուլացնի լարված մթնոլորտը երկրում: Հնարավոր է, կառավարության հրաժարականից հետո նոր կոալիցիոն կառավարություն ձեւավորվի: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերից մեկն է»,-ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով հոկտեմբերի 19-ի ահաբեկչության հնարավոր հեղինակների մասին հարցին, որից հետո հուզումներ սկսվեցին երկրում, արաբագետը նշեց, որ այստեղ պետք է զգուշություն դրսեւորել: «Այս ճանապարհով թուլացած Սիրիան եւ Լիբանանը ձեռնտու չեն Իսրայելին: Ես չեմ բացառում իսրայելական գործոնը, բայց դա քիչ հավանական է: Իսրայելին ձեռնտու չէ, որպեսզի այդ երկրներում անկայունություն լինի, քանի որ դեռ հայտնի չէ, թե ով կգա իշխանության»,-ընդգծեց նա:
Նշենք, որ հոկտեմբերի 19-ին, Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է երկրի հատուկ ծառայություններից մեկի ղեկավարը, որից հետո լարվել է իրավիճակը արեւմտամետ, հակասիրիական «Ալ-Մուստաքբալ» շարժման եւ Լիբանանի ներկա կառավարության մաս կազմող «Հըզբոլլահ» խմբավորման միջեւ:





























