Հարցը քաղաքական ենթատեքստ է պարունակում եւ պատասխան չի ակնկալում:

Այս մասին հոկտեմբերի 24-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով  «Բարգավաճ Հայաստան» խբակցության անդամ Էլինար Վարդանյանի այն հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ  Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հաճախ այցելում է այնպիսի երկրներ (Կոնգո, Մեքսիկա, Նոր Զելանդիա), որոնց մասին Հայաստանի շարքային քաղաքացին անգամ պատկերացում չունի եւ որոնք  առանցքային չեն Հայաստանի արտաքին քաղաքականության համար: Վարդանյանը նաեւ նշել է, որ  ավելի լավ կլինի, որ ԱԳՆ ղեկավարի նման աննպատակ այցելությունները կրճատվեն, իսկ միջոցներն ուղղվեն հանրապետությունում մինիմալ ծախսերի ավելացմանը:

«Ձեր  հարցերից կարելի է դիտարկել  այնպիսի մոտեցում, որ երբ Հայաստանի բնակչության 30 տոկոսը աղքատության մեջ է ապրում, ինչպե՞ս կարող է ԱԳՆ ղեկավարը գործուղման մեկնել,  եւ առավել նպատակահարմար չէ՞ր լինի  այդ միջոցներն ուղղել թոշակների բարձրացման վրա: Այս տրամաբանական կառույցը կարելի է շարունակել, որպեսզի արժանանք ընտրողի հավանությանը: Սակայն այս մոտեցումը ճիշտ չէ, քանի որ մեզ այս դահլիճում այլ քննադատության են ենթարկում, այն որ Հայաստանը ակտիվ չէ միջազգային կազմակերպությունների աշխատանքներում»,-նշել է վարչապետը:

Նրա խոսքով, եթե Կոնգոյում կամ այլ երկրում, որոնց մասին  Հայաստանի քաղաքացիները քիչ բան գիտեն, տեղի է ունենում միջազգային իրադարձություն, ապա Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պարտավոր է մասնակցել դրանց` ներկայացնելով Երեւանի դիրքորոշումը: «ԱԳՆ ղեկավարի բոլոր գործուղումները համաձայնեցվում են  նախագահի եւ վարչապետի  հետ եւ բխում են Հայաստանի շահերից: ԱԳՆ ղեկավարի գործուղումները սոցիալական խնդիրների հետ հակադրումը վայելուչ չէ »:

Որպես պատասխան Էլինար Վարդանյանը ասել է. «Եթե ԱԳՆ ղեկավարը նպատակ ունի Հայաստանի վարկանիշը բարձրացնել Կոնգոյում, Նոր Զելանդիայում կամ նմանատիպ այլ երկրում, ապա ինձ համար շատ կասկածելի է թվում կառավարության վարած արտաքին քաղաքականությունը»: