Սիբիրախտ ախտորոշմամբ բժշկական օգնության է դիմել 6-7 մարդ, այժմ նրանց դուրս են գրել եւ նրանք բուժումը շարունակում են տանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին, թե ինչ է ձեռնարկում կառավարությունը ընտանի կենդանիների եւ մարդկանց սիբիրախտով վարակվելու դեպքերի առնչությամբ:
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղում սիբիրախտով վարակման դեպքեր են արձանագրվել, որի պատճառը եղել է գյուղի բակերից մեկում մորթված կենդանու միսը: Համաճարակի մասին հայտնի է դարձել, երբ սիբիրյան խոց ախտորոշմամբ մարդ է տեղափոխվել հիվանդանոց:
«Անմիջապես մարզ են այցելել մասնագետները, իսկ հաջորդ օրը ես եմ մեկնել առողջապահության նախարարի հետ: Մասնագետները եղել են շրջանի բոլոր տնտեսվարող սուբյեկտներում, որտեղ կատարվել են համապատասխան հակահամաճարակաբանական միջոցառումներ»,-ասել է նախարարը:
Ստուգումները ցույց են տվել, որ խոշոր եւ մանր եղջերավոր անասունները, ինչպես նաեւ խոզերը վարակված չեն սիբիրախտով: Բացի այդ, Ս. Կարապետյանը հայտնել է, որ եւս մի քանի մարդ նույն ախտորոշմամբ դիմել են բժշկական օգնության: «Սիբիրախտն այդքան սարսափելի չէ եւ չունի ծանր հետեւանքներ: Հիվանդների մոտ հիվանդության մաշկային տեսակն է: 6-7 մարդ սիբիրախտի ախտորոշմամբ դիմել են բժշկական օգնության: Այժմ նրանց դուրս են գրել եւ նրանք բուժումը շարունակում են տանը»,-ընդգծել է գյուղատնտեսության նախարարը:
Անասունների հնարավոր վարակումից խուսափելու համար մասնագետները կրկնակի պատվաստել են 7800 գլուխ խոշոր եղջերավոր անասունների, 6700 գլուխ մանր եղջերավոր անասունների եւ 166 խոզերի: Բացի այդ, 14 օրվա ընթացքում արգելվել է այդ անասունների մորթը, քանի որ Վարդենիսի շրջանում կարանտին է հայտարարվել:





























