Բոլորն են ականատես լինում, թե ինչպես է ոտնահարվում «Լեզվի մասին» օրենքն ու ընդունված նորմերը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ պատասխանելով ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանի հարցին, թե ինչու Հայաստանում գովազդային վահանակներում, որտեղ կան բնակավայրերի անուններ, գրված են օտար լեզվով կամ տառասխալներով:
«Չարժե լրացուցիչ անգամ խոսել հսկողության իրականացման անհրաժեշտության մասին: Շատ հաճախ լեզվի հանդեպ մոտեցումը եւ պահանջների կատարումը պետք է անցկացվեն այնպես, որպեսզի վնաս չհասցնեն հասարակությանը: Կան խնդիրներ, որոնք կապված են լեզվի հետ, կան այնպիսիք, որոնք վերաբերում են բրենդին: Պետք է տարբերակել այս երկու հարցերը եւ պահանջներ ներկայացնել ոչ թե բրենդին, այլ՝ գովազդին: Այս խնդրի հետ կապված անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք մենք պատրաստ ենք ձեզ հետ միասին քննարկել»,-ընդգծել է նախարարը:
Ի պատասխան, պատգամավորը նշել է, որ խոսքը ոչ թե բրենդների մասին է, այլ՝ գովազդային վահանակների բովանդակության, որոնք գրված են օտար լեզվով:
Իր հերթին Տիգրան Դավթյանն ասել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը օրինագիծ է մշակել, որտեղ նշվում է նաեւ այդ խնդրի մասին: «Երկու կարծիք լինել չի կարող, անհրաժեշտ է հետեւել «Լեզվի մասին» օրենքին»,-ամփոփել է նախարարը:




























