Որեւէ արտառոց բան քաղաքական դաշտում տեղի չի ունենում, նորմալ է, երբ որոշ քաղաքական ուժեր հարձակման թիրախ են ընտրում կառավարությանը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հետեւյալ հարցին. «Դժվար էր արդյո՞ք դիմանալ ԲՀԿ-ի հարձակումներին կառավարության հետ հարցուպատասխանների ժամանակ»:

Իր հնարավոր պաշտոնանկության մասին հերթական հարցին Տ. Սարգսյանը պատասխանեց, որ նման հարցադրումներն ու լուրերը Հայաստանի քաղաքական ավանդույթի մասն են: «Դեռ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը, հիշում ե՞ք, այդ հարցին մշտապես պատասխանում էր, ասում էր՝ այդ հարցը անընդհատ հնչում է Ազգային Ժողովում՝ գարնանային ու աշնանային նստաշրջանների ընթացքում: Մենք նորմալ ենք դրան վերաբերում եւ հանգիստ»,- ասաց Տ. Սարգսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ են ստուգումներ եւ բացահայտումներ կատարվում այն ոլորտներում, որոնք նախորդ կառավարությունում ղեկավարում էին ԲՀԿ-ական նախարարները, Տ. Սարգսյանն ասաց, որ պատժամիջոցներ կիրառվել են նաեւ հանրապետական կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ, ինչը հերքում է մնացած բոլոր ենթադրությունները: «Պետական բյուջեի գերակշիռ մասը առողջապահության, քաղաքաշինության, տրանսպորտի ոլորտն է, որտեղ մենք իրականացնում ենք մեծածավալ ներդրումներ: Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է ղեկավարում այդ գերատեսչությունը, պետք է լինեն ստուգումներ: Որեւէ քաղաքական ենթատեքստ գոյություն չունի»,- ասաց Տ. Սարգսյանը: