ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ  Մաջիդ Նամջուի գլխավորած պատվիրակությանը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե փոխվարչապետը նախ շնորհավորեց հյուրին` միջկառավարական հաձնաժողովի համանախագահի պարտականությունները  ստանձնելու կապակցությամբ  եւ վստահություն հայտնեց, որ հանձնաժողովը նույն արդյունավետությամբ կշարունակի աշխատանքները: Նա ընդգծեց, որ  Հայաստանը պատրաստակամ է բարեկամ Իրանի հետ  խորացնելու  առեւտրատնտեսական համագործակցությունը:

Մաջիդ Նամջուն իր հերթին նշեց, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը վկայում է երկկողմ հարաբերությունների աստիճանական զարգացման մասին: Նա անդրադարձավ Երեւանում այսօր մեկնարկած միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ընթացքում քննարկվող հարցերին` վստահություն հայտնելով, որ  ընդունվելիք  որոշումները կնպաստեն երկու երկրների ապրանքաշրջանառության ավելացմանը:

Կողմերը քննարկեցին երկու երկրների միջեւ էներգետիկ եւ տնտեսական ոլորտների խոշոր ծրագրերի եւ դրանց իրականացման հետ կապված հարցեր:

Փոխվարչապետը  նշեց, որ  բոլոր այդ ծրագրերը կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են, եւ հայկական կողմը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել  դրանց իրականացմանը:Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ սահմանային հատվածում գարնանային հեղեղումների հետ կապված համատեղ աշխատանքների իրականացման վերաբերյալ, անդրադարձան նաեւ երկու երկրների տարածաշրջանների միջեւ արդյունավետ համագործակցությանը: