Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ֆրանսիական գործընկեր քաղաքների, Ֆրանսիայի միավորված քաղաքների կազմակերպության «Հայաստան» աշխատանքային խմբի պատվիրակության անդամների հետ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին եւ կարեւորելով 2010 թվականին Երեւանում կայացած Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական առաջին համաժողովը, քաղաքապետը ընդգծել է, որ այն նոր որակ է հաղորդել երկու երկրների քաղաքների միջեւ կապերի սերտացմանը եւ նպաստել է երկկողմ համագործակցության զարգացմանը:
«Ֆրանսիայի քաղաքների հետ Երեւանի համագործակցությունը որակապես եւ քանակապես շատ բազմազան է ու կարեւոր է, որպեսզի մենք աշխատենք առավել արդյունավետ եւ շահավետ դարձնենք քաղաքների հետ համագործակցությունը: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Երեւանի քաղաքապետարանն այսօր արդեն իսկ ակտիվորեն համագործակցում է ֆրանսիական շատ քաղաքների հետ»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Կարեւորելով 2013 թվականին Վալանս քաղաքում անցկացվելիք հայ–ֆրանսիական ապակենտրոնացված երկրորդ համաժողովը` քաղաքապետը առանձնացրել է համաժողովի շրջանակում համայնքների տնտեսական զարգացման ծրագրերի շեշտադրումը:
Ներկաների անունից շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Լիոնի փոխքաղաքապետ, Մեծ Լիոնի միջազգային համերաշխության եւ ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Հյուբեր Ժուլիեն-Լաֆֆերիերը նկատել է, որ Երեւանի քաղաքապետարանի համագործակցության պատրաստակամությունը լավ խթան է փոխգործակցությոան ակտիվացման, ինպես նաեւ գործընկեր քաղաքների հետ հարաբերությունների զարգացման ու ընդլայնման համար:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ձեւավորել համատեղ աշխատանքային խմբեր եւ ներկայացնել համապատասխան առաջարկությունների փաթեթ:





























