Սանկտ Պետերբուրգում մեղադրանք է առաջադրվել Աքիֆ Ռասուլովին, ում եղբայրը հոկտեմբերի 23-ի գիշերը գնդակահարվել է ոստիկանների վրա հարձակման ժամանակ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի քաղաքային վարչության կայքը:

Աքիֆի դեմ «բռնաբարության», «սեռական բնույթի բռնի գործողությունների» եւ «ապօրինաբար ազատությունից զրկելու» մեղադրանք է առաջադրվել: Քննությունը Ռասուլովին կալանավորելու միջնորդությամբ է հանդես եկել: Life News-ի փոխանցմամբ, տուժողը Ղրիմի բնակչուհի 31-ամյա Տատյանան է, ում պետական պաշտպանություն է տրամադրվել:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, 34-ամյա Աֆղան եւ 32-ամյա Աքիֆ Ռասուլովները Ադրբեջանից են: Պետերբուրգում նրանք ապրում են 2000-ական թվականներից: Եղբայրները մի քանի ռեստորան, թանկարժեք մեքենաներ ու բնակարաններ ունեին: Աֆղանը «Ադրբեջան-Սանկտ Պետերբուրգ» հասարակական կազմակերպության ղեկավարներից էր, որի նպատակն ադրբեջանցի գործարարներին աջակցելն է:

Քննության տվյալներով, հոկտեմբերի 22-ի երեկոյան Աքիֆը բռնությամբ իր 5-սենյականոց բնակարան է քարշ տվել Տատյանային, ում հետ վերջերս էր ծանոթացել: Երբ Աքիֆը բռնաբարել է կնոջը, Աֆղանը կիսամերկ դուրս է եկել բնակարանից, իր հետ վերցնելով գազային ատրճանակը: Տատյանան կարողացել է պատուհանից օգնություն կանչել, որից հետո հարեւանները ոստիկանություն են կանչել:

Ժամանած ոստիկանների առաջ ոչ ոք դուռը չի բացել, որից հետո վերջիններս կոտրել են դուռը: Այդ պահին հայտնվել է Աֆղանը. Նա կրակ է բացել եւ վիրավորել 29-ամյա ավագ լեյտենանտին: Պատասխան կրակ բացելով Լավրովն սպանել է Աֆղանին:

Դրանից հետո ոստիկանները բացել են դուռը, ազատել Տատյանային, իսկ Աքիֆին՝ ձերբակալել: