Ռուսական «Ռոսագրոլիզինգ» պետական ընկերությունը Հայաստանում ներկայացուցչություն բացելու հանձնարարություն ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ընկերության գյուղտեխնիկայի լիզինգի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Կլեպչենկոն: «Տեղի շուկային մենք արդեն բավական ծանոթ ենք, ուսումնասիրել ենք եւ աշխատանքի փորձը, եւ լիզինգային ընկերությունների տոկոսադրույքները: Նախատեսում ենք բավական արտոնյալ պայմաններ եւ շուկայականից ցածր գներ առաջարկել»,-հայտարարել է նա, հավելելով, որ ընկերության շրջանառու միջոցները բանկային չեն, այլ՝ բյուջետային: Հայկական շուկայում գլխավոր հարցը, ըստ նրա, վարկերի վերադարձման խնդիրն է լինելու: «Լիզինգային պորտֆելի կանխատեսումների մասին մենք կհրապարակենք այն ժամանակ, երբ միջպետական մակարդակում որոշում կընդունվի ներկայացուցչություն բացելու մասին»,-ասել է նա:

Սկզբնական փուլում ընկերությունը պատրաստվում է լիզինգային գյուղտեխնիկա հատկացնել, այդ թվում տրակտորներ ու կոմբայններ: Հաջորդ քայլը կլինի ցեղական անասունների լիզինգը: «Մենք կաշխատենք ռուսական ընկերությունների հետ, մեր պոտենցիալ գործընկերներից ոմանք արդեն աշխատանքի փորձ ունեն Հայաստանում»,-հայտարարել է Կլեպչենկոն: