Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի ղեկավարությունը հանձնաժողով է ստեղծել, որը կքննարկի քաղաքում Հեյդար Ալիեւի արձանի տեղադրման մասին որոշումը, ինչպես նաեւ անհրաժեշտ առաջարկներ կանի, որպեսզի լուծի այդ հարցում առաջ եկած տարաձայնությունները:

Նշենք, որ Ալիեւի արձանի տեղադրումը հակազդեցություն է առաջացրել Մեխիկոյի բնակիչների շրջանում: Արձանի մոտ նույնիսկ բողոքի ակցիա է կազմակերպվել, որի մասնակիցները պահանջել են հանել արձանը: Նրանց ձեռքին եղել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Ազատվեք դիկտատորից»:

Մոտ ժամանակներս երեք փորձագետներից կազմված հանձնաժողովը կքննարկի քաղաքի բնակիչների բողոքները, հաղորդում է AP-ն:

Իր հերթին Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանի քարտուղար Մանուել Լունան հայտարարել է, որ քաղաքը կարող է խնդիրների բախվել, եթե վերանայվի արձանի տեղադրման որոշումը, քանի որ, ըստ պայմանագրի, Ալիեւի արձանը տեղադրվել է 99 տարով:

Սակայն քաղաքապետարանի ներկայացուցիչ Ֆելիպե Լեալը նշել է, որ քաղաքային իշխանությունները պետք է արձագանքեն բնակիչների անհանգստություններին: Նրա խոսքով, հանձնաժողովին անհրաժեշտ կլինի մի քանի շաբաթ՝ առաջարկներ ներկայացնելու համար: Լեալն ընդգծել է, որ տվյալ դեպքը կարող է հանգեցնել վերաիմաստավորման, թե «ինչպես են հավանություն ստանում նման նախագծերը»: