Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը Բարաք Օբամային 5 միլիոնանոց գործարք է առաջարկել, եթե  պետության ղեկավարը հրապարակի Կոլումբիական համալսարանում սովորելու տարիներին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաեւ անձնագիրն ստանալու հայտը:

Դոնալդ Թրամփը Բարաք Օբամայի հակառակորդ Միթ Ռոմնիի գլխավոր հովանավորն է, հայտնում է  РСН-ը:

Միլիարդատերի առաջարկության մեջ նշվում է, որ փաստաթղթերը պետք է հրապարակվեն հոկտեմբերի 31-ին` ԱՄՆ-ի Արեւելյան շրջանի ժամանակով ժամը 17:00-ից ոչ ուշ: Դրանից հետո Օբամայի ընտրած բարեգործական հիմնադրամի հաշվին կփոխանցվի գումարը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Թրամփն Օբամայից պահանջում էր ներկայացնել ծննդյան վկայականը, որը հաստատում է նրա ամերիկյան քաղաքացիությունը: Սպիտակ տունը դա արեց 2011 թվականի ապրիլին: Վկայականը հաստատում էր, որ  ներկայիս ղեկավարը ծնվել է 1961 թվականի օգոստոսի 4-ին` ամերիկյան Հավայան կղզիներում: Օբամայի ամերիկյան քաղաքացիության մասին կասկածի առիթն այն է, որ նրա հայրը քենիացի է, եւ որ մանուկ հասակում նա երկար է ապրել ԱՄՆ-ից դուրս: Դպրոցից հետո Օբաման սովորել է Լոս Անջելեսի Արեւմտյան քոլեջում, այնուհետեւ տեղափոխվել է Նյու Յորքի Կոլումբիական համալսարան, որն ավարտել է 1983 թվականին: