Եգիպտական իշխանությունները հայտնել են Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանի սպանությանը մասնակցած անձի ոչնչացման մասին: Ըստ նրանց` Հազեմ անունով այդ մարդն սպանվել է հոկտեմբերի 25-ին՝ եգիպտական հատուկ ծառայության գործակալների դեմ փոխհրաձգության արդյունքում:

Ձերբակալման պահին նա գտնվել է Մադինեթ Նասթրի բնակարանում՝ Կահիրեի ծայրամասում: Փոխհրաձգությունը տեւել է մի քանի ժամ: Կասկածյալը գործակալների վրա ռումբ է նետել, որը հետ է ընկել բնակարան, պայթել, ինչից հետո  հրդեհ է բռնկվել, հայտնում է BBC-ն:

Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործի դիակը, հայտնում է rbc-ն:

Այսօր նաեւ հայտնի է դարձել, որ Բենգազիի ամերիկյան դեսպանատան վրա հարձակման հրահրման համար Թունիսում մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել «Անսար Ալ Շարիա» իսլամիստական ծայրահեղական  խմբավորման առաջնորդ Աբու Այուբը: 

Հիշեցնենք, որ 2012 թվականի սեպտեմբերի 11-ին Բենգազիի ամերիկյան դեսպանատան վրա հարձակման հետեւանքով զոհվել էին Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիս Սթիվենսը եւ 3 այլ աշխատակիցներ: Հարձակման պատճառը «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմն էր, որտեղ  մարգարե Մուհամեդը սուր քննադատության է ենթարկվում: Սակայն հետաքննության ընթացքում պարզվել է, որ ակցիան նախապես է ծրագրված է եղել` 2001 թվականի սեպտեմբերի 11-ի  ահաբեկչությունների տարելիցով պայմանավորված: