Տղամարդը հրաձգություն է բացել ԱՄՆ-ի հարավարեւելյան Ատլանտա քաղաքի բողոքական եկեղեցում: Մեկ մարդ զոհվել է:
Ինչպես հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը, ոստիկանությունը կարծում է, որ հանցագործը 52-ամյա սեւամորթ Ֆլոյդ Փալմերն է: Նա ձերբակալվել է:
Փալմերն այդ եկեղեցում աշխատում էր որպես կամավոր, սակայն օգոստոսին հեռացել էր աշխատանքից «անձնական պատճառներով», նշում է Sky News-ը:
Ճշտվել է նաեւ հանգուցյալի ինքնությունը: Նա 39-ամյա Գրեգորի ՄըքԴաուելն է, որը հոկտեմբերի 25-ի առավոտյան եկեղեցու հիմնադիր եւ առաջնորդ Քրեֆլո Դոլարի փոխարեն ժամերգություն էր մատուցում, հայտնում է NEWSru.com-ը:
Առավոտյան ժամերգությանը հավաքվել էր 20-25 մարդ: Հենց այդ ժամանակ էլ ներս է մտել չարագործը, կրակել ՄըքԴաուելին եւ դուրս եկել: Հարձակման դրդապատճառները դեռեւս պարզ չեն:




























