Չինաստանում հանվել է 2011թ. Ճապոնիայում «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից հետո ատոմակայան կառուցելու արգելքը: Սակայն, լրատվամիջոցների հաղորդմամբ, մինչեւ 2015թ. ԱԷԿ կկառուցեն միայն երկրի ափամերձ շրջաններում:

Ճապոնիայի 2011թ. մարտի 11-ի երկրաշարժից հետո ՉԺՀ իշխանությունները կարգադրել էին խստացնել երկրում առկա ԱԷԿ-երի անվտանգության համակարգերի ստուգումները եւ ժամանակավոր արգելք էին դրել ատոմային էներգետիկայի ոլորտում նոր նախագծերի հաստատման վրա:

Պեկինում հոկտեմբերի 24-ին ՉԺՀ վարչապետ Վեն Ցզյաբաոյի մասնակցությամբ էներգետիկայի հարցերով խորհրդակցություն է տեղի ունեցել, որի արդյունքում հայտարարվել էր, որ հետայսու վերականգնվում է ատոմակայանների բնականոն շինարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Համաձայն հոկտեմբերի 24-ին ներկայացված չինական էներգետիկայի վերաբերյալ «Սպիտակ գրքի», որը կազմել է Չինաստանի պետխորհուրդը, երկրում ստացվող էլեկտրականության ծավալի միայն 1,8%-ն է բաժին հասնում ատոմային էներգիային: ՉԺՀ-ում ներկայումս ատոմային 15 ռեակտոր է գործում`12,5 գիգավատ ընդհանուր հզորությամբ, եւս 26 ռեակտորներ`30 գիգավատ հզորությամբ, կառուցման փուլում են: Ինչպես նշվում է փաստաթղթում, մինչեւ 2015թ. Չինաստանը մտադիր է իր ԱԷԿ-երի ընդհանուր հզորությունը հասցնել մինչեւ 40 գիգավատի: