Վրաստանում նոր կառավարության կազմի հաստատման նախաշեմին շարունակվում է գործադուլների ալիքը: Հոկտեմբերի 25-ի առավոտյան ժամը 09:00-ից գործադուլ են հայտարարել Փոթիի նավահանգստի աշխատակիցները: Նավահանգստի արհմիութենական կազմակերպության նախագահ Կոկա Սաջայան հայտնել է, որ գործադուլը կշարունակվի այնքան, մինչեւ որ բավարարվեն աշխատողների պահանջները, հայտնում է «Գռուզիա օնլայնը»:
Սաջայայի հաղորդմամբ` մինչ այս պահը աշխատողների ոչ մի պահանջ չի կատարվել: Ղեկավարության հետ բանակցությունները չեն շարունակվի, քանի որ ապարդյուն են:
Հիշեցնենք, հոկտեմբերի 24-ին նախազգուշական գործադուլ էին հայտարարել երկաթուղու աշխատակիցները`պահանջելով աշխատավարձի եւ աշխատանքային պայմանների բարելավում:
Գործադուլների ալիքն սկսել էին Չիատուրա քաղաքի հանքագործները, ավելի ուշ նրանց միացել էին քաղաքի բոլոր ձեռնարկությունների աշխատակիցները: Զեսթաֆոնի մետաղագործները եւս, մինչեւ նոյեմբերի 1-ը իրենց պահանջները չբավարարելու դեպքում, զգուշացրել են հնարավոր գործադուլի մասին:
Վրաստանի նոր կառավարության կազմը կհաստատվի հոկտեմբերի 25-ին խորհրդարանի նիստի ընթացքում:
Նշենք, որ գործադուլներն սկսվել ն Սահակաշվիլիի հեռացող վարչակարգի կողմից ամենածաղկուն անվանվող ոլորտներում եւ ձեռնարկություններում:





























