Հայաստանի եւ Իտալիայի ընդհանուր պատմությունը դյուրացնում է երկխոսությունը: Այդ մասին իտալական Quotidiano Nazionale պարբերականին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեր ընդհանուր պատմությունը դյուրացնում է երկխոսությունը: Պարզ զուգադիպություն չէ, որ Իտալիայում մինչ օրս գործում են ակտիվ հայկական համայնքներ Միլանից մինչեւ Ռավեննա, առանց անդրադառնալու ամենակարեւոր հայկական հետքերին, ինչպիսիք են Վենետիկի հայկական միաբանությունը կամ Նապոլիի Սրբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցին»,- նշել է նախագահն ու հավելել. «Ինչ վերաբերում է ընթացիկ մերձեցմանը, ապա դա կարող է արտահայտվել երկու ձեւով. մի կողմից ձեր բարոյական սատարման կարիքն ունենք մեր կաեւորագույն մարտահրավերների առումով, ինչպիսիք են առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանական կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, մյուս կողմից ակնկալում ենք իտալական կապիտալի ներդրումը մեր երկրում»:
Հարցին, թե ինչ հեռանկարներ կան Հայաստանում իտալական ձեռնարկությունների համար, եւ հատկապես ի՞նչ բնույթի ձեռնարկություններ կարող են հետաքրքրված լինել, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Շահագրգռված ենք աշխատել այն բոլոր ձեռնարկությունների հետ, որոնք զբաղվում են Հայաստանում դեռեւս չտարածված նորարարական արտադրությամբ: Հայաստանը տրամադրում է հատուկ հարկային առավելություններ այն բոլոր արտասահմանյան ձեռնարկություններին, որոնք իրենց գործունեությունն են ծավալում երկրում առկա 2 ազատ տնտեսական գոտիներում, բայց նաեւ այլուր: Հատկապես միջուկային էներգիայի ոլորտում ապահովում ենք ներդրված կապիտալի ամբողջական վերադարձը մի քանի տարվա ընթացքում եւ պետական երաշխիքներ` գնելու ամբողջ արտադրված էլեկտրոէներգիան: Պիտի վստահեք Հայաստանին. նրանք, ովքեր արդեն ներդրումներ են կատարել մեր երկրում, ինչպես Պեզարոյի ՌԵՆԿՈ ընկերությունը, որը մեր երկրում զբաղվում է շինարարությամբ եւ հյուրանոցային գործով, անմիջապես ունեցել են նշանակալի շահույթներ»:




























