Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերը  հոկտեմբերի 24-ի վաճաքի ժամանակ  բարձրացել են միանգամից 19 տոկոսով` բորսայի պատմության մեջ գրանցելով լավագույն  արդյունքներից մեկը: Այժմ Facebook-ի մեկ բաժնետոմսը գնահատվում է 23 դոլար, թեեւ ողջ հոկտեմբերի ընթացքում ցանցի արժեքավոր թղթերը գտնվել են 20-22 դոլարի շրջանակում:

Ներդրողների տրամադրության վրա ազդել է Facebook-ի  եռամսյակային հաշվետվությունը, որը ընկերության կողմից հրապարակվել է հոկտեմբերի 23-ի բորսայի փակումից հետո: Ներդրողները անմիջապես սկսել են գնել սոցիալական ցանցի արժեքավոր  թղթերը էլեկտրոնային վաճառքի ժամանակ, արդյունքում ոգեւորությունը տարածվել է  նաեւ հոկտեմբերի 24-ի վաճառքի նկատմամբ, որի ընթացքում մեկ բաժնետոմսի գինը հասել է 24 դոլարի:

Facebook-ի հաշվետվության մեջ  ասվում է, որ սոցիալական ցանցը  շարունակում է արագ քայլերով աճել ինչպես ֆինանսական ցուցանիշներով, այնպես էլ նոր, ակտիվ օգտատերերի ներգրավմամբ: Այսպիսով, եռամսյակում սոցիալական ցանցի եկամուտը կազմել է ավելի քան միլիարդ դոլար, հաղորդում է «Լենտա.ru»-ն:

Ինչպես հաղորդել է BFM.RU , վկայակոչելով Forbes-ը,  ընկերության բաժնետոմսերի արժեքի ավելացման շնորհիվ Facebook-ի գլխավոր տնօրեն եւ հիմնադիր Մարկ Ցուկերբերգի  կարողությունը ավելացել է 1,8 միլիարդ դոլարով: