«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում քննարկվում է փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին հնարավոր թեկնածուների առաջադրման տարբերակներ, այդ թվում` կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անուշ Սեդրակյանը:
«Քննարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները, ներառյալ` նաեւ դա: Տեսական հնարավորության մասին ենք խոսում, Հայաստանի պատմության համար ինքնին գաղափարը կարող է շատ առաջադեմ եւ լավ նայվել, բայց անձերի մակարդակով իրապես չենք մասնավորեցրել դա»,- նշեց Անուշ Սեդրակյանը:
Նրա խոսքով` Հայաստանի քաղաքական դաշտում գենդերային իրավահավասարության խնդիր կա. եւ տեսականորեն հնարավորություն կա կին թեկնածու առաջադրել, սակայն անձնական օրինակներով դա չի մանրամասնվել:
«Հայաստանի պես երկրում ցանկացած տիպի վարչական իրական պատասխանատվությունը հսկայական աշխատանք է եւ ես դա գնահատում եմ իբրեւ շատ պատասխանատու եւ ծանր գործընթաց, ոչ թե իբրեւ առավելությունների եւ լիազորությունների համակարգ»,- ասաց Ազատ դեմոկրատների» փոխնախագահը:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության եւ «Ժառանգության» ապահարզանից հետո ԱԴ-ն քննարկում է նախագահական ընտրությունների մարտավարությունը: «Օրերս անգամ անսպասելի առաջարկ է հնչել՝ առաջադրել կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանին: ԱԴ-ն ուզում է լինել առաջին ուժը, որը Հայաստանում կին թեկնածու կառաջադրի»,- գրել էր թերթը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























